«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Չդատապարտված ռազմական հանցագործություն․ Մարաղայի ջարդերից 33 տարի անց

Չդատապարտված ռազմական հանցագործություն․ Մարաղայի ջարդերից 33 տարի անց
14.04.2025 | 19:29

1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության կոտորած։ Առավոտյան ժամը 5-ին ադրբեջանական զինված ուժերն սկսեցին գյուղի հրետակոծությունը։ Արցախի ազատագրական բանակի մարտիկներ Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ հաջողվեց հետ մղել հակառակորդի երկու գրոհները: Սակայն, թշնամին կարողացավ ճեղքել պաշարման օղակը: 20 զրահամեքենայի ուղեկցությամբ ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակին՝ մոտ 1 000 զինվոր, հաջողվեց մտնել գյուղ։ Բնակչության մեծ մասը կարողացավ հեռանալ գյուղից, սակայն շատերին դա չհաջողվեց։ Ովքեր մնացին Մարաղայում, ադրբեջանցի զինծառայողների կողմից սպանվեցին, ենթարկվեցին անմարդկային կտտանքների․ թալանվեց և հրկիզվեց 175 տուն։ Հաջորդ օրն ինքնապաշտպանական ուժերին հաջողվեց ազատագրել Մարաղան, ուր գազանաբար սպանված 43 հայ խաղաղ բնակիչների մարմիններն անդամահատված էին, դիակները՝ այլանդակված և հրկիզված, մի քանիսը գլխատված էին, մյուսներն՝ այրված կամ աչքերը հանված[1]։ «Երբ մենք հաջորդ օրվա կեսօրին մտանք Մարաղա,-գրում է Զորի Բալայանը,-մեզ դիմավորեցին միայն ածխացած տները, որոնք շարունակում էին դեռ ծխալ։ Արտաշիրիմում արվեց։ Մեր ժապավենների վրա դրոշմվեցին գլխատված և այրված դիակներ։ Այդ կադրերի մի մասը ցուցադրվեց «Вести» հեռուստահաղորդման ժամանակ։ Աշխարհը զարմանալիորեն հանգիստ վերաբերվեց Մարաղայի ողբերգությանը։ Ոչ նրա համար, որ բոլորը սովորել էին, այլև, որ ազերիները և թուրքերն առավել քան ակտիվորեն քարոզչություն էին վարում՝ ապատեղեկացնելով մոլորակը»[2]:

«Գյուղն ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ՝ այն, ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեզ հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը․․․»,- վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Վերջինս ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել էր Մարաղա։ Ըստ բարոնուհու՝ սպանվել է գյուղի՝ ավելի քան 45 բնակիչ։ Հայկական կողմի անվանացանկի տվյալներով՝ զոհվել է 57 և գերեվարվել 45 խաղաղ բնակիչ՝ այդ թվում՝ 9 երեխա և 29 կին։

Միջազգային Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարաղայում իրագործված պատերազմական հանցագործությունների հետևանքով դաժանաբար սպանվել է 50 խաղաղ հայ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, ևս 50-ը գերեվարվել են, որոնց թվում՝ 29 կին և 9 երեխա, նրանցից 19-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Ղարաբաղի հարցով անգլիացի փորձագետ Թոմաս դը Վաալը գրել է․ «Գրեթե անհայտ, բայց շատ դաժան էր ջարդը Մարաղայում՝ հայկական գյուղում ․․․ »[3]։

Ադրբեջանական զորքերը 1992 թվականի մայիսի 11-ին 16 զրահատեխնիկայով կրկին հարձակվեցին Մարաղայի վրա, սակայն հետ շպրտվեցին հայկական ուժերի կողմից՝ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) գլխավորությամբ։ Գյուղի բնակիչները վերադարձան և մինչև ադրբեջանցիների նոր գրոհը՝ հունիսի 17-ը, շարունակեցին բնակվել գյուղում։ Ադրբեջանական զորքերը կրկին գրավեցին գյուղը, գերեվարեցին 13 հայ բնակչի։

Ընդհանուր առմամբ՝ 1992 թվականին Մարաղայում սպանվեց 90 հայ բնակիչ, ծանր վիրավորվեցին 37-ը, այդ թվում՝ 21 կին և 6 երեխա[4]։

Մարաղայի կոտորածը գրեթե չլուսաբանվեց և անհայտ մնաց լայն հանրության համար։

Մարաղայի հայերի կոտորածն իրագործած Ադրբեջանի զինված ուժերի «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում. հետևաբար այս ոճրագործության համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա: Այդ գործելաոճը դարձավ շարունակական. 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը ևս Ադրբեջանում հերոսացվեց:

Մարաղայի հայ բնակչության կոտորածը Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության հերթական դրսևորում էր և էթնիկ զտման հետևողական քաղաքականություն, որը մինչ այդ (1988-1991 թթ.) իրականացվել էր Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, իսկ այնուհետև՝ Հյուսիսային Արցախում: Հայերի դեմ Խորհրդային Ադրբեջանի, ապա՝ 1991 թվականի նորանկախ Ադրբեջանի Հանրապետության կողմից իրագործված հանցագործությունների անպատժելիությունը և դրանց նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանում պետական մակարդակով հայերի և հայկականի նկատմամբ ատելության մթնոլորտի արմատավորման համար։ Արցախի հայ բնակչության դեմ Ադրբեջանը նույն մեթոդներով ցեղասպանական ակտեր իրականացրեց նաև 2016 թվականի ապրիլին, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ադրբեջանի իշխանությունների՝ հայերի նկատմամբ վարվող էթնիկ զտման հետևողական քաղաքականության հետևանքով 2023 թվականի սեպտեմբերին հայաթափվեց Արցախի Հանրապետությունը։

***

[1] Մարաղայում տեղի ունեցած դեպքերի մասին տե՛ս Human Rights Watch, Bloodshed in the Caucasus, p. 29; Caroline Cox and John Eibner, Ethnic Cleansing in Progress: War in Nagorno-Karabakh, London: Institute for Religious Minorities in the Islamic World, 1993; «Трагедия Мараги: четыре года спустя»-Голос Армении», 9 апреля 1996, Левон Мелик-Шахназарян, Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики, Ереван, 1997 /http://armenianhouse.org/mshakhnazaryan/docs-ru/crime/contents.html; Լևոն Մելիք-Շանազարյան, Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ, Ե., 1998; «Christianity Today. Baroness Cox: Survivors of the Maraghar Massacre» /https://www.christianitytoday.com/1998/04/survivors-of-maraghar-massacre/։ Бакур Карапетян, Маргушаван - Марага: документальная повесть, Шуши, 2013.

[2] Зорий Балаян, Между адом и раем: Карабах, этюды, Москва, 1995, с. 89.

[3] Томас де Ваал, Черный сад. Армения и Азербайджан между миром и войной /перевод с английского О. Алякринского, Москва, 2005, глава 11, с. 240.

[4] «10 Ապրիլ 1992. Մարաղայի կոտորածը. Ատրպէյճանի հակահայ ցեղասպանական վարքագիծը» հոդված Հունաստանի հայկական «Ազատ օր» օրաթերթում, 10 Ապրիլ 2017։

Գեղարդ Հիմնադրամ / Geghard Foundation-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 5953

Մեկնաբանություններ